Դինոզավրերի մասին

«Դինոզավր» նշանակում է «սարսափելի մողես», սակայն դինոզավրերը մողեսներ չեն: Նրանք պատկանում են սողունների դասի արխոզավրերի ընտանիքին, որի մեջ ընդգրկված են եղել հնագույն կոկորդիլոսները և հսկա թռչող պտերոզավրերը: Դինոզավրերը մեր մոլորակի վրա ի հայտ են եկել 160 մլն տարի առաջ և ապրել են աշխարհագրական 3 դարաշրջան՝ տրիասի, յուրայի ու կավճի: Դինոզավրերը յուրայի դարաշրջանի ամենատարածված կենդանիներն են: Նրանցից վերջինն անհետացել է 64 մլն տարի առաջ՝ մեր մոլորակի վրա առաջին մարդանման էակների ի հայտ գալուց շատ առաջ:
Այսօր գիտնականները հայտնաբերել են դինոզավրերի 500 տեսակ, սակայն շատ տեսակներ դեռևս մնում են անհայտ: Դինոզավրերից շատերը եղել են հսկաներ և չափերով անհամեմատ գերազանցում են ցամաքում ապրող մինչ այժմ գոյություն ունեցող բոլոր մնացած կենդանիներին (օրինակ՝ արգենտինոզավրը): Եղել են նաև մանր (հավից ոչ մեծ) ներկայացուցիչներ (օրինակ՝ կոմպսոգնատուսը):
Այն ժամանակաշրջանում, երբ մեր Երկրի վրա իշխել են դինոզավրերը, ամենուրեք կլիման եղել է տաք ու խոնավ, ցամաքը՝ հարթավայրային, բարձր լեռներ գրեթե չեն եղել: Հսկա սողունները գերադասել են բնակվել հարթավայրային դանդաղահոս գետափերին: Այդ խմբի առաջին ներկայացուցիչները Երկրի վրա ի հայտ են եկել ավելի քան 220 մլն տարի առաջ: Դրանք մանր կենդանիներ էին, որոնք վազում էին հետին ոտքերով:
Ի տարբերություն իրենց նախնիների՝ նրանց հետին ոտքերը գտնվում էին մարմնի տակ (մարդու ոտքերի նման) և ոչ թե կողքերին, ինչպես մյուս սողուններինը: Անատոմիական կառուցվածքի այդ առանձնահատկությունը հնարավորություն էր տալիս համաձայնեցված շարժումներ կատարելու,  հետևաբար՝ ավելի արդյունավետ որս անելու և թշնամիներից պաշտպանվելու: Դինոզավրերի տեսակների մի մասը սնվել է ծառերից թափված պտուղներով. ամենախոշորները եղել են խոտակեր:
 
Դինոզավրերի հիմնական խմբերը
Ըստ կոնքոսկրերի անատոմիական կառուցվածքի՝ գիտնականները դինոզավրերին բաժանել են 2 խմբի՝ «մողեսակոնքներ» (զաուրիխիա), քանի որ կոնքազդրային հոդերի կառուցվածքը նման է ժամանակակից շատ սողունների (օրինակ՝ կոկորդիլոսների) կառուցվածքին, «թռչնակոնքներ» (օրնիթիխիա)՝ կոնքագոտու կառուցվածքը հիշեցնում է թռչուններինը: Նրանք ունեցել են նաև այլ տարբերություններ. մողեսակոնք դինոզավրերի ատամներն աճել են բերանի առաջային մասում: Նրանք կարողացել են միսը բռնել, կծել և պատառոտել, սակայն չեն կարողացել ծամել: Դինոզավրերի բոլոր գիշատիչ տեսակները պատկանել են այդ խմբին: Թռչնակոնքների առաջային ատամները բացակայել են, եղել են հետին ատամներ, որոնցով կարողացել են աղալ կոպիտ բուսական կերը, սակայն խոտաբույսերով չեն սնվել, որովհետև վերջիններս մեր մոլորակի վրա ի հայտ են եկել դինոզավրերի ոչնչանալուց հետո: Այս խմբի շատ ներկայացուցիչներ ունեցել են լավ զարգացած զրահ՝ զինված ոսկրային ելուստներով ու փշերով:
 
Տաքարյուն, թե՞ սառնարյուն էին 
դինոզավրերը 
Այդ հարցում գիտնականները դեռևս վերջնական եզրակացության չեն եկել: Սառնարյուն կենդանիների (օրինակ՝ մողեսների) կենսագործունեությունը կախված է արևի ջերմությունից, իսկ տաքարյունները (օրինակ՝ թռչուններն ու կաթնասունները) կարող են մշտապես ակտիվ լինել: Քանի որ այդ ժամանակաշրջանում կլիման Երկրի վրա եղել է ավելի տաք, սառնարյուն դինոզավրերը կարող էին ակտիվ լինել օրվա մեծ մասը: Խոշոր սողունները կարող էին ջերմությունը պահպանել ամբողջ գիշերվա ընթացքում, քանի որ նրանց զանգվածեղ մարմինը սառչում էր շատ դանդաղ: Հավանաբար, հենց այդ պատճառով դինոզավրերի մեծամասնությունն ունեցել է հսկա չափեր:
Նրանց ավելի փոքր ներկայացուցիչների մարմնի որոշակի ջերմաստիճանը կարող էր պահպանվել ակտիվ կենսագործունեության հաշվին, կամ էլ իրականում նրանք կարող էին լինել տաքարյուն:
Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչու են դինոզավրերն անհետացել Երկրի երեսից: 160 մլն տարվա ընթացքում որոշ տեսակներ ոչնչացան, միայն կավճի ժամանակաշրջանի վերջում ի հայտ եկան նորերը: Իրականում ոչ ոք չգիտի, թե որքան է տևել դինոզավրերի ոչնչացման ընթացքը. դա կարող էր տեղի ունենալ միլիոնավոր տարիների ընթացքում կամ բոլորովին կարճատև ժամանակահատվածում: Այդ շրջանում ոչնչացել են նաև կենդանիների ուրիշ խմբեր:
Որոշ գիտնականներ ենթադրում են, որ դինոզավրերի անհետացումը համընկել է կլիմայի համընդհանուր փոփոխությունների հետ. հնարավոր է՝ նախկինում գերիշխող սողունները չեն հարմարվել գոյության նոր պայմաններին: Ուրիշները համարում են, որ Երկիրը բախվել է հսկա աստղակերպի, որի պատճառով փոշու 
մեծ ամպ է բարձրացել և ամիսներ ու տարիներ շարունակ խանգարել է արևի ճառագայթների թափանցմանը: Արդյունքում Երկրի վրա ջերմաստիճանը կտրուկ իջել է, և ամենուրեք ոչնչացել են գրեթե բոլոր կենդանիներն ու բույսերը: Պահպանվել են միայն այն տեսակները, որոնք կարողացել են հարմարվել նոր պայմաններին և տարածվել են մեր մոլորակի վրա:
Դինոզավրերի մասին տեղեկությունները հիմնված են նրանց բրածո մնացուկների պեղումների վրա: Հսկա մողեսների նոր տեսակ հայտնաբերելով՝ գիտնականները հետազոտում են նրանց ոսկրերի կառուցվածքը և այդ վերլուծության հիման վրա վերականգնում են անհետացած սողունների արտաքին տեսքը, տեղաշարժման միջոցները, նախկինում հայտնի տեսակների հետ ազգակցությունը: Հաստատված է, որ դինոզավրերի որոշ տեսակներ հոտեր են կազմել: Տերևների, միջատների ու փափկամարմինների խեցիների բրածո մնացորդների ուսումնասիրությամբ գիտնականները կարողանում են պարզել այդ ժամանակաշրջանում կլիմայի և բույսերի տեսակային կազմի առանձնահատկությունները: Ատամների բրածո մնացուկների հետազոտությամբ հաջողվում է հաստատել դինոզավրերի գիշատիչ կամ բուսակեր լինելը: Գտնվել են այդ սողունների մի քանի ձվեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դինոզավրերի որոշ տեսակներ, ինչպես նաև նրանց ժամանակակից ազգակիցների մեծամասնությունը խնամք չեն տարել սերունդների նկատմամբ: Ստացված բոլոր տեղեկությունները հնարավորություն են տալիս դինոզավրերի մասին շատ բան իմանալ, սակայն առայժմ հայտնի չեն նրանց գունավորումը, ձայներ արձակելու ունակությունը, կյանքի տևողությունը. այսօր էլ գիտնականները փորձում են գտնել այդ հարցերի պատասխանները:

Оставьте комментарий